HUB ARTSAKH. ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՑ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԱԽԱԳԾԵՐ

Hub Artsakh մամուլ

«Հրապարակվել է Ազատ Արցախ-ի կողմից՝ 06.08.2022թ.»

Hub Artsakh հասարակական կազմակերպության նպատակն Արցախում սոցիալական նորարարության խթանումն ու էկոհամակարգի ձեռներեցության ամրապնդումն է: Այն մոտիվացված և ձեռներեց մարդկանց համայնք է, որի անդամներն իրենց գաղափարները նորարարական, շահավետ ու արդյունավետ նախագծերի վերածելու լայն հնարավորություն ունեն: Մեր ճեպազրույցը Hub Artsakh-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյանի հետ է:

-Hub Artsakh. ինչու՞ ընտրել այն. առավելություններն ու նպատակը:

-Իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնք միտված են  Արցախի սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգը զարգացնելուն, այսինքն՝ մենք ունենք տարբեր ձեռներեցների համար ինկուբատոր ծրագրեր, ինչպես նաև քաղհասարակության հզորացմանն ուղղված ծրագրեր, և սա է մեր առավելությունը: Առաջարկում ենք համատեղ աշխատանքային տարածք Ստեփանակերտում՝ ներառելով արագ ինտերնետ,  հանդիպումների սրահ, խոհանոց: Մեր անդամները մուտք են ստանում նորարարների և  ձեռնարկատերերի պրոֆեսիոնալ էկոհամակարգ՝ հասակակիցների միջև ուսուցման, համագործակցության ու փոխադարձ աճի հնարավորություններով:

-Արցախում որքանո՞վ են ընդունված նման ծրագրերը. արդյունավե՞տ  եք համարում։

-Արձագանքներն Արցախում բավականին դրական են, աշխատանքն արդյունավետ է: Մարդիկ օգտվում են մեր տրամադրած ռեսուրսներից ու կապերից: Ծրագրերի միջոցով ազդեցիկ նախաձեռնություններ ենք իրականացնում՝ առաջարկելով այն ամենն, ինչ անհրաժեշտ է գաղափարները շահավետ նախագծերի վերածելու համար: Վերջերս մեծ հաջողություն ստացավ Արցախի քաղհասարակության էքսպոն, ավելի քան 100  մասնակից ունեինք: Շարունակում ենք աշխատել նույն թափով: Շուտով կեզրափակենք ինկուբացիոն ծրագիրը: «Արցախի Ձեռնարկատիրության  Զարգացման» ծրագրի շրջանակներում մասնակիցներն աշխատում, սովորում և իրենց փորձն են փոխանակում: Ունենք 10 մասնակից: Հաղթողները կստանան նաև ֆինանսական աջակցություն:

«Արցախն ապրում է» խորագրի շրջանակներում առաջիկայում Hub Artsahk-ում կգործի պատկերապատումների արվեստի /կոմիքսների/ անվճար ամառային դպրոցը:

-Հոգեկերտվածքով պայմանավորված խնդիրներ. Կաղապարները փշրվու՞մ են։

-Իհարկե, Արցախում գոյություն ունի մտածելակերպի տարբերություն, որովհետև ձեռնարկատիրության էկոհամակարգը նոր է: Բավականին աշխատանք պետք է տարվի այն ամրապնդելու, հզորացնելու համար: Կարծում եմ, կաղապարներն աստիճանաբար փշրվում են, և մեզ հաջողվում է գտնել սոցիալական ձեռնարկատիրությամբ հետաքրքրված լսարան: Մարդիկ աշխատանքի միջոցով ցանկանում են շրջապատը բարելավել, համայնքները հզորացնել, և մեր գործը նրանց աջակցելն է ոչ միայն Ստեփանակերտում, այլև ամբողջ Արցախում:

Փնտրու՞մ եք աշխատանք, թե՞ իրավաբանական խորհրդատվության կարիք ունեք: Զանգահարեք մեր թեժ գիծ!

Ազատորեն դիմեք մեզ, և մեր նվիրված մասնագետները ձեր ծառայության մեջ կլինեն:

Scroll to Top