Նկարագրություն
Արցախի Ձեռնարկատիրության Զարգացման Ծրագիրը Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից անցկացվող 8-ամսյա ծրագիր է․ նպատակն է սատարել Արցախի երիտասարդ ձեռներեցներին, ովքեր ցանկանում են նպաստել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) զարգացման գործին՝ հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումների միջոցով:
Ծրագրի Առավելությունները
Ծրագրի ընդհանուր նպատակներն են՝ ամրապնդել Արցախի ձեռներեցության էկոհամակարգը և խթանել Արցախում հետպատերազմյան հիմնախնդիրների նորարարական լուծումների բացահայտման գործընթացը: Ծրագրի հատուկ նպատակն է իրականացնել մեր առաջին Ձեռնարկատիրության Զարգացման ծրագիրը, որը՝
- Կաջակցի 12-ից 15 ձեռներեցների և ստարտափերի՝ զարգացնելու և իրականացնելու իրենց սոցիալական նորարարության գաղափարները,
- Կկապի Արցախի ձեռներեցներին ազգային և միջազգային ձեռներեցների, մենթորների և բարեգործ-ներդրողների հետ,
- Կբարձրացնի հանրային իրազեկվածությունը Արցախում ձեռներեցների մասին:
Զարգացման ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա օգտվել Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգերից, ներառյալ՝
- Մենթորություն՝ մասնակցի նախընտրած ոլորտում ձեռնարկատերերի/մասնագետների կողմից (յուրաքանչյուր մասնակից/խումբ կունենա անհատական մենթոր)
- Հաբ Արցախի անդամակցություն՝ ոգեշնչող տարածքի և ենթակառուցվածքի հասանելիությամբ, ինչպես նաև ամսական երեք օր Իմփաքթ Հաբ Երևանում աշխատելու հնարավորություն
- Փորձի և գիտելիքի փոխանակում և մասնագիտական կապերի ստեղծում՝ ստեղծագործ, նորարար համայնքի հետ կազմակերպվող միջոցառումների միջոցով
- Սոցիալական ազդեցություն կրող ստարտափերի համար նախատեսված ուսումնական ծրագիր, որը ներառում է թրեյնինգներ և աշխատարաններ տարբեր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են սոցիալական ձեռներեցությունը, գաղափարի մշակումը, գործառնական մոդելները, մրցակցային վերլուծությունը, մարկետինգի և բրենդինգի ռազմավարությունը, գաղափարի արժեվորումը և վավերացումը, ռազմավարական պլանավորումը, փիչինգը և այլն:
* Խնդրում ենք նկատի ունենալ որ ուսուցման ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն
Ժամանակացույց
- Ծրագրի տևողությունը 8 ամիս է
- Դիմելու վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 6, 2021, 23:59 (Ստեփանակերտի տեղական ժամանակով)
- Ծրագրի մեկնարկը` 2022 թվականի հունվարի վերջ։
Ովքե՞ր կարող են դիմել
Դիմելու իրավունք ունեն անհատներն ու խմբերը, ովքեր իրենց սոցիալական ձեռներեցության ծրագրերի միջոցով առաջարկում են հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումներ՝ ի նպաստ Արցախի զարգացման:
Ծրագրի մասնակիցների համար նախաձեռնությունը պետք է լինի առաջնահերթ (այսինքն՝ ժամանակի առնվազն 80%-ը պետք է տրամադրվի նախաձեռնության իրականացմանը), և նրանք պետք է մասնակցեն Հաբ Արցախում իրականացվող ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 80%-ին: